«Երկու տարվա դադարից հետո «X-Factor»-ը վերադառնում է»,- մանրամասնում է պրոդյուսերը

«Երկու տարվա դադարից հետո «X-Factor»-ը վերադառնում է»,- մանրամասնում է պրոդյուսերը

Շուրջ երկու տարվա դադարից հետո «X-Factor» նախագիծը վերադառնում է, հոկտեմբերի 9-ին, 21:00-ին Շանթ Հ/Ը եթերում կմեկնարկի սիրված մրցույթի առաջին փուլի ցուցադրությունը: Այս մասին Life.panorama.am-ին պատմել է նախագծի պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը:
 

«Կարծում եմ՝ իսկական ժամանակն էր վարադարձի համար, քանի որ շուրջ երկու տարի հայկական հեռուստաընկերություններով կարծես թե երաժշտական մրցույթներ չեն եղել, իսկ դա խոսում է այն մասին, որ նոր ու տաղանդավոր սերունդ ունենք, որոնք իրենց ունակությունները պետք է ցույց տան: Որպես պրոդյուսեր՝ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր առաջին լսման փուլը հաստատեց մեր սպասելիքները՝ բավականին տաղանդավոր մասնակիցներ կան եւ եթե հետ նայենք ու համեմատենք մեր նախագծերի ընդհանուր մասնակիցների հետ, ապա կփաստենք, որ ոչ միայն այս տարի մասնակիցների ամենաշատ հոսքն է գրանցվել, այլեւ այս տարի ժյուրիների կողմից ավելի շատ «այո>> է հնչել, քան «ոչ»»,- մեզ հետ զրույցում նշեց պրոդյուսերն ու անդրադարձավ ժյուրիի կազմին.

«Ժյուրիի կազմում այս տարի ընդգրկված են Գարիկ Պապոյանը, Շուշանիկ Արեւշատյանը, Էրիկն ու Անդրեն, ում առաջին լսման փուլին փոխարինել է Եգոր Գլումովը, քանի որ Անդրեն հիմա բնակվում է ԱՄՆ-ում: Սակայն պետք է շեշտեմ, որ շատ շուտով Անդրեն կվերադառնա ու կմիանա մեզ, այնպես որ ստացվել է, որ Ե. Գլումովը, ով Շանթ Հ/Ը լավագույն գործընկերներից է, ժամանակավորապես է ժյուրիի կազմում: Ասեմ նաեւ, որ մեզ մոտ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որի մասին դեռ չեմ խոսի՝ թողնելով անակնկալ, սակայն կնշեմ, որ հեռուստադիտողը շատ ավելի շուտ կմասնակցի մեր մասնակիցների ընտրությանը»,- նշեց նա:

 

Խոսելով նախնական փուլում ժյուրիների ու պրոդյուսերի ֆավորիտներից, Աննան փոքրիկ գաղտնիք բացահայտեց.
«Իրականում պետք է գաղտնիք բացեմ՝ ամեն տարի, երբ որեւէ նախագիծ ենք սկսել, հենց առաջին իսկ փուլերից ժյուրիի կազմն ու ես մեր ֆավորիտներն ենք առանձնացրել, եւ ասեմ, որ ես գրեթե միշտ 80 տոկոսով ճիշտ եմ եղել,- ծիաղելով նշեց նա ու շարունակեց,- միշտ էլ ամենաուժեղ մասնակիցները աչքի են ընկնում հենց սկզբից եւ եթե ոչ հաղթողի, ապա գոնե եզրափակիչ հասնող մասնակիցների անունները պարզ է դառնում մեզ համար: Ինչեւէ, այս պարագայում լինում են նաեւ բացառություններ, քանի որ դա միայն մեր կարծիքն է, իսկ ընտրողը հեռուստադիտողն է»:

«X-Factor 4»-ը հագեցած է լինելու նոր տեխնիկայով, լուսային ու ձայնային, ինչպես նաեւ նկարահանման նորագույն տեխնոլոգիաներով:
Վերջում անդրադառնալով «X-Factor»-ում հաղթողի մրցանակին, պրոդյուսերը հավելեց.
«Մրցանակների մասին դեռ վաղ է խոսել: Եթե նախորդ տարիներին հաղթողի համար լավագույն մրցանակը անգլիական «X-Factor»-ին մասնակցելն ու այնտեղի որակին ծանոթանալն էր, ապա այս տարի դեռեւս ոչինչ հստակ չէ, քանի որ դա մեր ձեռքերում չէ: Ամեն դեպքում՝ մեր հեռուստաընկերությունը իր բոլոր երաժշտական նախագծերի մասնակիցերին մեծ հնարավորություններ է ընձեռում»:

Նշենք, որ «X-Factor 4»-ը կտեւի մինեւ 2017թ-ի ապրիլ ամիսը: