«X Factor» հեռուստանախագծի 4-րդ եթերաշրջանի մեկնարկը տրված է։ Երկու տարի դադարից հետո անհամեմատ շատ մասնակիցներ են հայտեր ներկայացրել:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում հայտնեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանը:
« «X Factor» նախագիծը էական փոփոխությունների չի ենթարկվում: Համեմատած նախորդ եթերաշրջանների, այս տարի բավականին հետաքրքիր և տաղանդավոր երիտասարդներ են հայտագրվել: Կարծում եմ ընտրությունը այդքան էլ հեշտ չի լինի: Ողջունելի է նաև այն փաստը, որ մենք նոր եթերաշրջանում տեսնում ենք նաև նախորդ եթերաշրջանների մասնակիցների, որոնք պատրաստված, իրենց թերությունները շտկած, նոր ոգևորվածությամբ գալիս են մասնակցելու: Այս տարի անհամեմատ շատ են մասնակիցները: Գուցե 2 տարվա դադարն էր պատճառը, գուցե սերնդափոխություն է եղել, որովհետև շատերն ասում են՝ անհամբեր սպասում էի 16 տարիս լրանար, որ մասնակցեի, բայց փաստ է, որ հայտերի հոսքը չէր դադարում։ Նախորդ եթերաշրջաններից ոչ մեկին այսքան շատ մարդ չէր դիմել»,- ասաց Աննան:
Այս տարի ժյուրիի կազմում փոփոխություններ են եղել: Նախագծում առաջին անգամ որպես ժյուրի կներկայանա երգիչ Էրիկը: Նախագծի ռեժիսոր և պրոդյուսերի խոսքով՝ հիմնական կազմում ընդգրկված են Գարիկ Պապոյանը, Շուշանիկ Արևշատյանը և Անդրեն։ Լսումների փուլում Գոռ Գլումովի ներկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ փուլում Անդրեն ԱՄՆ-ում էր, Գոռը նրան փոխարինել է նախնական լսումների ժամանակ։
Զրուցեցինք նաև Էրիկի հետ: Վերջինս մեզ պատմեց, թե ինչ սկզբունքներով է ընտրելու մասնակիցներին:
«Սա իմ առաջին քայլն էր որպես ժյուրի, որի շուրջ երկար մտածել եմ, հետո ընդունել առաջարկը: Նախագիծը ինքն իրեն շատ հետաքրքիր է ոչ միայն հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար, այլ նաև ժյուրիի: Ինքդ քեզ համար նոր բացահայտումներ և նոր տաղանդներ ես հայտնաբերում: Սա ինձ համար մի մեծ փուլ է սկսվել: Որտեղ պետք է մասնակիցներին օգնեմ ու սովորեցնեմ այն ինչ գիտեմ»,- ասաց Էրիկը:
Երգչի խոսքով՝ ինքն այս նախագծում փորձում է փնտրել արտիստիկ տաղանդների:
«Զարմանալին այն է, որ մի քանի լսումներ է եղել, բայց արդեն շատ տաղանդավոր մարդկանց ենք բացահայտել: Ինձ համար առաջնայինն արտիստիզմն ու էներգետիկան է: Շատ մասնակիցներ կան, որոնք կարողանում են այդ ամենը փոխանցել, բայց նաև կան մասնակիցներ, որոնք ունեն, բայց չեն կարողանում տալ: Անկախ նրանից նրանք կանցնեն, թե ոչ, մասնակիցներին խորհուրդ կտամ, եթե դուրս մնան չընկճվեն և չկոտրվեն ու ամենակարևորը, որ բեմ բարձրանալուց չհուզվեն, որը միշտ խանգարում է երգչին»:
Մելինե Տոնոյան
http://life.tert.am/