Երգիչ Էրիկը առաջիկա վեց ամիսը կզբաղեցնի «Շանթ» Հ/Ը «X-Factor» նախագծի ժյուրիի «պաշտոնը»: Ինչպես արդեն եթերներից հայտնի է` նա Գարիկ Պապոյանի, Շուշանիկ Արեւշատյանի եւ Եգոր Գլումովի հետ միասին կընտրի «X-Factor 4»-ի մասնակիցներին, ապա նաեւ նրանց կուղեկցի նախագծի բոլոր փուլերում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Էրիկը նախ նշեց, որ իրեն դուր չի գալիս «ժյուր» անվանումը, ինքն իրեն մասնակիցների համար ավելի շատ ընկեր է համարում.
««Ժյուրի» բառը մի փոքր խիստ է հնչում, դրա համար այդ բառով չեմ ուզում որակավորեմ իմ ներգրավածությունը «X-Factor 4»-ում: Ես ավելի շատ ժյուրի-ընկեր կարգավիճակում եմ այստեղ, ով ցանկացած արժանի մասնակցի հետ պատրաստ է իսկապես ընկերություն անել, ընկերական խորհուրդներ տալ ու նկատողություններ անել: Ես պատրաստ եմ ցանկացած լավ մասնակցի օգնել յուրաքանչյու հարցում»,- նշեց Էրիկը:
Մեր նկատառմանը, թե Էրիկը ժյուրիի մյուս անդամներից կարծես թե ամենամեղմն է, պատասխանեց.
«Չեմ կարող ասել, որ դա միանշանակ այդպես է, որովհետեւ մասնակցին միայն ժպիտ պարգեւելու համար ասել «այո», կնշանակի վատ կերպով ազդել մասնակցի հետագա գործունեության վրա: Ճիշտ է, երբ վատ երգող մարդուն հենց սկզբից ասում ես դրա մասին, կանխում նրա հետագա գործունեությունը եւ երգելու ցանկությունը: Ի վերջո` երգել ցանկանալ կարող են բոլորը, բայց շարունակել` ոչ բոլորը: Կոնկրետ ես այս նախագծում «այո» եմ ասում, երբ մասնակցի մեջ թեկուզ մի փոքր տվյալ կա. Այդպես ես հնարավորություն եմ տալիս նրանց հասնել իրենց երազանքներին»:
Էրիկի խոսքով` արդեն իսկ իր համար լավագույների ցանկ առանձնացրել է, սակայն ֆավորիտներ` ոչ, քանի որ ամեն բան դեռ առջեւում է.
«Գիտեք, ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողն արդեն վաղուց միայն վոկալային տվյալներին ուշադրություն չի դարձնում: Բեմում կանգնած երգիչը բացի ձայնից պետք է նաեւ գրավիչ, բեմական ու հետաքրքիր լինի: Ինքս էլ ուշադրություն եմ դարձնում նման հատկանիշներով ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են արտիստ դառնալուն: Մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ տաղանդավոր մասնակիցներ, որոնք գիտեն, թե ինչպես իրենց պետք է պահեն բեմում»,- նշեց Էրիկն ու ընգծեց` երիտասարդ սերունդից գոհ է.
«Անկեղծ ասած` սկզբում չէի սպասում ու չէի պատկերացնում, որ այսքան տաղանդավոր մարդիկ դեռ կան: Վերջին տարիներին երաժշտական մրցույթ-նախագծերը շատ էին ու մտածում էի, որ էլ չկան կամ շատ քիչ են տաղանդավոր երիտասարդաները, բայց արի ու տես, որ սխալվում էի, ավելին` նրանք շատ են, մեկը մյուսից խելացի ու տաղանդավոր, ովքեր իրենց գործին տեր պետք է կանգնեն: Այս նախագիծը միայն օգնում է հայտնի դառնալ, իսկ հետո մասնակիցները միայնակ պետք է անցնեն այս դժվարին ուղին: Թեեւ բոլորն անընդհատ ասում են, որ երգիչները մեր օրերում շատացել են, բայց միեւնուն է, լավ երգիչների կարիք մենք ունենք»:
Էրիկը շեշտեց` մասնակիցներին արդեն որպես կոլեգա կփորձի օգնել նաեւ հետագայում, ավելին` նրա խոսքով` իր գործունեության ընթացքում շատ է օգնել այլ նախագծերում մասնակցող երիտասարդներին, որոնց հետ այսօր ընկերություն է անում ու արդեն միմյանց են աջակցում:
Իսկ վերջում հետաքրքրվելով, թե երգիչն այս ընթացքում ի՞նչ անակնկալներ է պատրաստում իր երկրպագուների համար, Էրիկը պատասխանեց.
«Այս պահին զբաղված եմ ձայնասկավառակիս աշխատանքներով, որի թողարկման համար դեռ ժամկետներ չեմ կարող ասել: Սա ինձ համար շատ կարեւոր նախագիծ է, որի վրա էլ կենտրոնացրել եմ ուժերիս մեծ մասը: Ինչ վերաբերվում է նոր տեսահոլովակին, իհարկե, դա էլ կլինի. Ես միշտ թողնում եմ, որ հանդիսատեսը կարոտի, չեմ սիրում, երբ անընդհատ երեւալով` հոգնեցնում ես մարդկանց»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
http://life.panorama.am/